Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի փորձագետ Սաթիկ Ղիմոյանը ներկայացրել է Հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործառույթների արդյունավետ ու լիարժեք ապահովման նպատակով կանխարգելիչ լիազորություններին զուգահեռ ունի նաև վերահսկողական լիազորություններ, որոնց կարգավորմանը զգալի տեղ է հատկացվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության բարեփոխումների շրջանակում։

Որո՞նք են Հանձնաժողովի վերահսկողության օբյեկտները․

- տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության պահպանումը,

- Հանձնաժողովի որոշման կատարումը (պահպանումը)։

Ի՞նչ վերահսկողական լիազորություններ ունի Հանձնաժողովը.

Նոր խմբագրությամբ օրենքով Հանձնաժողովի վերահսկողական լիազորություններն են՝

- տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթի հարուցումը և պատասխանատվության կիրառումը՝ իր կողմից սահմանված ժամկետում խախտումը շտկելու և հետագայում բացառելու հանձնարարականով,

- տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման, Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության և այլ նպատակներով ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման իրականացումը,

- պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց  տնտեսական  մրցակցության  պաշտպանության օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները և անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով դատարան դիմելը՝ վեճի վարչական կարգով լուծման անհնարինության դեպքում,

- տնտեսավարող սուբյեկտի լուծարման, հարկադիր վերակազմակերպման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների միջև՝ սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով դատարան դիմելը,

- և այլն։

Ի՞նչ նորամուծություններ են նոր խմբագրությամբ Օրենքով սահմանվել Հանձնաժողովի վերահսկողական լիազորությունների վերաբերյալ․

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության բարեփոխման արդյունքում սահմանվել են հետևյալ նորամուծությունները․

-  ընդլայնվել ու հստակեցվել է վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովող գործիքակազմը, այդ թվում՝ սահմանվել է Հանձնաժողովի կողմից մշտադիտարկում և արտաքին դիտում իրականացնելու իրավասություն,

-  սահմանվել է Հանձնաժողովի կողմից ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման ընթացքի տեսաձայնագրման և (կամ) լուսանկարահանման հնարավորություն,

-  նախատեսվել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանների, նախատեսված պարտավորությունների և ոչ գույքային հանձնարարությունների որոշման ուժի մեջ մտնելու օրվանից անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման ենթակա լինելու վերաբերյալ կարգավորում՝ անկախ որոշման բողոքարկումից,

-  սահմանվել է Հանձնաժողովի որոշմամբ տրված ոչ գույքային հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով դրանց կատարումն ապահովելու հնարավորություն,

-  և այլն։