Աշխարհաքաղաքական տեսանկյունից Սյունիքն ու Մեղրին ամենախոցելին են: Այս մասին Ագարակում կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Դուք տեսնում եք, որ հարեւաններն աչք են դրել տարածաշրջանի վրա: Դուք տեսնում եք, թե ինչ հայտարարություններ է անում Ադրբեջանը: Դա իսկապես կարող է խնդիր թվալ, բայց քաղաքականության դեպքում` առավելություն. տարածաշրջանը հետաքրքիր է եւ ուշադրություն է գրավում, դա Հայաստանի համար ե՛ւ ռիսկ է, ե՛ւ հնարավորություն: Ամեն ինչ կախված է իշխանությունների հմտությունից՝ մնալ ռիսկի գոտում, թե կապիտալիզացնել առավելությունը:

Հիշու՞մ եք ինչպես էին ասում` Ղարաբաղը բեռ է: Մենք հակառակն էինք ասում: Ղարաբաղը առավելություն է, ոչ թե բեռ: Միայն տարածքը կորցնելուց հետո նրանք հասկացան Հայաստանում Ղարաբաղի դերը բուն Հայաստանի անվտանգության համար: Այժմ մենք պետք է փորձենք այս իրավիճակում այկիդոյի սկզբունքով (հակառակորդի ուժն օգտագործել նրա դեմ - խմբ.) առկա ռիսկերն ու դժվարություններն առավելության վերածել: Այնպես անել, որպեսզի առավելագույն օգուտ քաղենք տարածաշրջանի դիրքից»,- ասաց Քոչարյանը:

Նա արձանագրեց, որ ոռոգման կայուն համակարգի ապահովման դեպքում տարածաշրջանային տնտեսության բազմակի աճ է հնարավոր, ընդգծեց զբոսաշրջության եւ ազատ տնտեսական գոտու լիարժեք օգտագործման դերը:

«Եվ մի հարց, որը, վստահ եմ, անհանգստացնում է ձեզանից շատերին: Ես ինքս կհնչեցնեմ հարցը. սա այն նույն Քոչարյանը չէ՞, ով 15 տարի շարունակ հանձնում է Մեղրին: Չէ որ կա ուղեղների մեջ ներարկված այդպիսի թեզ: Մի հավատացեք ստերին: Նրանք, ովքեր հանձնում են իրենց հայրենիքի հողը, ներկայիս իշխանությունն է, որն անընդհատ գեղեցիկ խոսքեր է ասում, բայց իշխանության գալու առաջին օրվանից հետեւողականորեն կոտրում է երկրի ողնաշարը՝ բանակը: Արդյունքում՝ տարածքային մեծ կորուստներ: Իսկ նրանք, ովքեր ինձ մեղադրում են, իրենք են քննարկում Մեղրիի միջանցքի հարցը»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը: