Քաղաքական գնահատականի թեման հետապնդում է ինձ 1998 թվականից։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում հանդիպման ժամանակ։
«Տնտեսությունը շատ վատ վիճակում էր։ Այդ ժամանակ ես որոշեցի հետ չնայել, առաջ գնալ, որպեսզի վերականգվի տնտեսությունը։ Ինչ-որ չափով դա հաջողվեց։ Բայց այլ հարցեր ստեղծեց։ Հիմա փորձ արդեն կա։ Հունիսի 20-ից հետո պետք կլինի գնահատական տալ։
Երբ գնում ես անցյալ, այնտեղ մնալու վտանգ կա։ Այս իշխանությունները այդպես էլ արեցին։ Խոսում են ինչի մասին ասես, բացի վերջին 3 տարիների իրավիճակից։ Չնայած նախընտրական քարոզարշավի տրամաբանությունն այն է, որ խոսեն այն մասին, թե ինչ չափով են կատարվել խոստումները։ Երբ ես նախագահ դարձա, ծայրահեղ աղքատության մակարդակը կազմում էր ավելի քան 20 տոկոս, երբ հեռացա՝ 3 տոկոսից պակաս էր։ Միջին աշխատավարձը բարձրացել էր 5 անգամ։
Եթե անցյալին գնահատական չտաս, դա ձեւավորում է անպատժելիություն, եւ դա հետեւանքներ է ունենում։ Այն ժամանակ ես այս մասին չէի մտածում։ Ես մտածում էի, որ եթե հետ գնամ, ստիպված կլինեմ չնչին թոշակներ ու աշխատավարձեր վճարել, մինչեւ որ կպարզենք անցյալը։ Ես այն ժամանակ որոշեցի փակել անցյալի այդ էջը։ Բայց հիմա պետք է ժամանակ գտնել եւ թույլ չտալ, որ անպատժելիություն ձեւավորվի։ Դա, հավանաբար, իմ սխալներից մեկն էր»,- խոստովանեց Ռոբերտ Քոչարյանը։
«Իշխանություններն ասում են՝ Հայաստանում դրախտ է ստեղծված բիզնեսի համար։ Վիճակագրությունն ասում է հազարավոր բիզնեսների փակվելու եւ սնանկության մասին։ Նրանք դրախտը շփոթել են դժոխքի հետ»,- եզրափակեց Քոչարյանը։





























