Հայաստանում իրադարձությունների նման զարգացումը կարող է անխուսափելիորեն բախումների հանգեցնել: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ընտրությունների վերահսկման հանձնաժողովի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը:

Դա, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ թիվ մեկ պաշտոնյան զբաղված է ատելության խոսքը տարածելով: Սամսոնյանը նշեց, որ նման պայմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Գլխավոր դատախազությունը եւ Ոստիկանությունը անհայտ պատճառներով լռում են: «Քաղաքացիական հասարակություն կոչվածը նույնպես լռում է»,- հավելեց Սամսոնյանը:

«Եթե այսպես շարունակվի, ապա դեռ ընտրություններից առաջ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որն անվերահսկելի կլինի նույնիսկ ոստիկանության համար: Ընտրությունների օրը հանձնաժողովը պատրաստվում է կազմակերպել շարժական դիտորդական առաքելություն եւ հանրությանը տեղեկացնել խախտումների մասին»,- եզրափակեց նա: