ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է իր որդուն փոխանակեր Ադրբեջանում պահվող գերիների հետ: Նախ, նման բաներ չեն ասում, քանի որ նման բաներ պարզապես չի կարելի ասել: Այս մասին հունիսի 9-ին Քասախ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այնուհետեւ քաղաքական գործիչը հետաքրքրվեց, թե որ դարում ենք ապրում:
«Սա ո՞ր դարն է, որ Ադրբեջանը կարող է ինչ-որ մեկի որդուն գերի վերցնել` այլ գերիների վերադարձի դիմաց: Սա ո՞ր դարն է: Ո՞վ կարող է ընդհանրապես նման բան պատկերացնել: Այսինքն՝ սա կեղծ հռետորաբանություն է, որը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Բայց ի՞նչ է անում այս պահին Նիկոլ Փաշինյանը: Նա վերցնում է այս հռետորաբանությունը եւ հայտարարում իբր «Ալիեւ, ահա, վերցրու իմ երեխային եւ վերադարձրու գերիներին»: Ժողովո՛ւրդ, ո՞ւմ է պետք այս թատրոնն ընդհանրապես: Ի՞նչ է սա ընդհանրապես: Ո՞ւմ են ուզում սրանով խաբել»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանից դուրս այս լուրը կարդացողները կարող են մտածել, որ սա հուսահատության քայլ է, մյուսները՝ խղճահարության դրսեւորում, երրորդներն՝ ընդհանրապես խայտառակություն:
«Իսկ մնացածները հետեւում են այս ամենին եւ մտածում. «Դե, լավ: Եթե այս հայերը միմյանց հանդեպ այդպես են վարվում, ապա ինչպե՞ս են պատրաստվում պայքարել իրենց ընդհանուր թշնամու դեմ: Ինչպե՞ս կստիպեն նրան դուրս կորչել իրենց երկրից: Ինչպե՞ս են նրանք ազատելու իրենց գերիներին»: Այսօր ես ինչ-որ տեղ կարդացի, որ նա (Նիկոլ Փաշինյանը - խմբ.) իբր պաշտոնապես ուղարկել էր իր որդուն Ալիեւին: Հավատու՞մ եք, որ Ալիեւը կվերցնի վարչապետի պաշտոնակատարի որդուն։ Չի կարելի այդպես անել, ժողովուրդ։ Դա ընտանիք է, նրանք երեխաներ են: Այս թեմաները չի կարելի շահարկել»,- ասաց Մարուքյանը:


























