Ժողովրդի կողմից անհարգալից վերաբերմունքի արժանացող ոստիկանության աշխատակիցները այժմ ամենից շատն են զայրացած Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի պետական մեքենան, ըստ նրա, ջախջախված է, իսկ հանցագործությունը ծաղկում է, քանի որ ոստիկանությունը զբաղված է ոչ իր գործով:
Նա նշել է, որ այս փուլում անհրաժեշտ է 1-2 տարով տեխնոկրատ թեկնածու առաջադրել, այլ ոչ թե քաղաքական անձ:
«Թեկնածուն չպետք է լինի ՀԱԿ-ից կամ որեւէ այլ կուսակցությունից: Եթե այժմ պետության գլխին քաղաքական գործիչ կանգնի, փողոցային պայքարը կարող է չդադարել եւ կարող է վերածվել զինված պայքարի», - հավելել է Տեր-Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է իր որդուն գերիներով փոխանակելու Փաշինյանի առաջարկին, ապա առաջին նախագահը այդ փաստը նողկալի է որակել՝ համեմատելով այն հնդկական ֆիլմի սենտիմենտալ տեսարանի հետ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հավելել է, որ այսօր չի կարելի մեղադրել ԱԳՆ-ին, քանի որ դրա գործողությունները պայմանավորված են Փաշինյանի վարած քաղաքականությամբ:
«ԱԳՆ-ին կարելի է մեղադրել միայն այն դեպքում, եթե դիվանագետները չեն կատարում պետության ղեկավարի հանձնարարականները: Սակայն նրանք հոգնեցին Նիկոլից ու հեռացան», - ասել է նա:
Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ առաջին նախագահը պարզաբանել է, որ եթե ՀԱԿ-ը ստանա ձայների մեծամասնությունը, ինքը չի լքի ցուցակը:





























