Թեեւ միջազգային շուկայում դոլարը արժեւորվում է իր բոլոր հիմնական մրցակիցների նկատմամբ` հայկական շուկայում այն թույլ ու ողորմելի տեսք ունի: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 28-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 370.22 դրամ` նվազագույն գինը ապրիլի 29-ից հետո: Երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 1.73 կետով կամ 0.47 տոկոսով: Վերջին 2.5 ամսում սա հայկական բորսայում դոլարի արժեզրկման ամենամեծ լագն է:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 3.7 մլն դոլար: Դատելով արժեզրկման կտրուկ տեմպից` ԿԲ-ն այս անգամ նույնպես ձեռնպահ է մնացել փոխարժեքին միջամտելուց, թեեւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է թույլ չտալ դրամի «շատ ուժեղացում»:
Թեեւ բանկերի մեծ մասը փոխանակման կետերում դոլարի առքի փոխարժեք է սահմանել 368 կամ 369 դրամը, պարսկական կապիտալով աշխատող «Մելլաթ բանկը» շարունակում է կանխիկ դոլարը գնել 370 դրամով: Շնորհիվ այդ ջանքերի, հավանաբար, կանխիկ դոլարի փոխարժեքը խուսափել է ավելի մեծ անկումից: Դոլարի վաճառքը փոխանակման կետերում սկսում է 371.50 դրամից:




























