2011թ. հունիսի 14-ին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է «Յունիբանկի» ֆինանսական կայունության E+, արտարժույթով եւ ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան բանկային շուկայում «Յունիբանկի» կայուն զարգացման հեռանկարների մասին:
Moody’s Investors Service գործակալությունը դրական է գնահատել մանրածախ բանկային շուկայում «Յունիբանկի» դիրքերը:
Գործակալության վերլուծաբանների կարծիքով` ժամկետային ավանդների եւ դրամական փոխանցումների շուկաներում «Յունիբանկի» առաջատար դիրքերը բանկին լրացուցիչ հնարավորություն են ընձեռում մանրածախ հատվածում ծառայությունների խաչաձեւ վաճառքի ծավալների մեծացման համար: Հիշեցնենք, որ առաջին անգամ «Յունիբանկին» միջազգային վարկանիշ է շնորհվել 2010թ. հունիսին:
2010թ. արդյունքներով «Յունիբանկի» դիրքերը ՀՀ բանկային համակարգում հետեւյալն են` ակտիվներ` 7-րդ տեղ, վարկեր արդյունաբերությանը` 3-րդ տեղ, սպառողական վարկեր` 1-ին տեղ, հիփոթեքային վարկեր` 2-րդ տեղ, պարտավորություններ` 5 տեղ, ժամկետային ավանդներ` 1 տեղ, դրամական փոխանցումներ` 1-ին տեղ: «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 37 մասնաճյուղ, 4 պրոմո-կետ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:




























