Ռազմական գործողություններ հայկական կողմի եւ Ադրբեջանի միջեւ չեն լինի, քանի որ 2012թ. Բաքվում կայանալու է «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, Կազանի հանդիպումից հետո, երբ փաստաթղթի չստորագրման պատասխանատվությունն ընկավ Ադրբեջանի վրա, այդ երկրի նախագահին այլ բան չի մնում, քան թափահարել բռունցքները:

«Ադրբեջանին այլ բան չի մնում, քան ցույց տալ իր մկանները ռազմական շքերթի տեսքով եւ ցուցադրել իր հանրությանը, թե Բաքվի տեսակետը ղարաբաղյան հարցում չի ձախողվել, ձախողվել էմիայն կազանյան հանդիպումը»,- ասել է Սաֆարյանը՝ նկատելով, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը ստուգում է միջազգային հանրության ռեակցիան իր ռազմատենչ հայտարարություններին:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ հունիսի 26-ին Բաքվում կայացել է ռազմական շքերթ, եւ նախագահ Ալիեւը իր ելույթում ասել է. «Ես վստահ եմ, որ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է ցանկացած եղանակով»: