Եվրամիությունը նախատեսում է ուժեղացնել իր վաղ նախազգուշացման համակարգը եւ շուրջ 300 միլիոն պատվաստանյութ արտադրելու կայուն կարողություն ունենալ առողջապահության ցանկացած նոր արտակարգ իրավիճակի առաջին վեց ամիսների ընթացքում, քանի որ պատրաստվում է «համավարակների դարաշրջանին», հաղորդում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովը նոր ճգնաժամերին արձագանքելու ԵՄ կարողությունները ամրապնդելու մի շարք նոր առաջարկներ է հրապարակել` խոստովանելով, որ COVID-19 համավարակին իր պատրաստությունն ու նախնական արձագանքը չեն արդարացրել իրենց:
«Գիտնականներն ասում են, որ համավարակների դարաշրջանը եկել է, եւ հնարավոր է առողջապահական եւս մեկ ճգնաժամ: Մենք պետք է պատրաստ լինենք արդյունավետ պատասխան գործողությունների»,- մամուլի ասուլիսում ասել է ԵՄ առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը:
Համավարակից սովորած տասը դասերը թվարկող փաստաթղթում Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այս տարի կգործարկի համավարակի մասին տեղեկատվության հավաքագրման նոր համակարգ՝ նախատեսված նոր առողջական ռիսկերը հնարավորինս շուտ բացահայտելու համար:
Այս քայլը գլոբալ պատրաստվածությունը բարձրացնելու, բայց նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԵՄ կախվածությունը թուլացնելու ծրագրի մի մասն է: Կազմակերպությունը քննադատության է ենթարկվել է համավարակի հայտարարման հարցում չափազանց դանդաղելու համար:
Ըստ ծրագրի՝ ԵՄ-ն ցանկանում է նաեւ ավելի քիչ կախվածություն ունենալ պատվաստանյութերի արտադրության համաշխարհային մատակարարման շղթաներից:
Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն նպատակ ունի տարեկան 500-700 միլիոն չափաբաժին պատվաստանյութ արտադրելու համար բավարար կարողություն ունենալ, ընդ որում՝ դրա կեսը պետք է պատրաստ լինի համավարակի առաջին վեց ամիսներին:





























