Մեզ չի կարող չմտահոգել Ղարաբաղի սահմաններին Թուրքիայի հայտնվելը, որը չպետք է լինի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը որոշող ուժերի շարքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ես հասկանում եմ Ռուսաստանի դիրքորոշումը եւ ուշադիր հետեւում եմ ռուս-թուրքական հարաբերություններին ամբողջ ճակատով՝ Ղրիմից մինչեւ Սիրիա, Միջին Ասիայից մինչեւ Լիբիա:

Ռուսաստանը Թուրքիայի կարիքն ունի՝ Արեւմուտքի դեմ պայքարելու համար, եւ Էրդողանը դա հմտորեն օգտագործում է: Հաստատվել են այնպիսի հարաբերություններ, որոնք կարելի է անվանել «մտերիմ հակամարտություն»:

Բայց եկեք չմոռանանք, թե ինչ է Թուրքիան եւ ով է Էրդողանը: Կասկած չունեմ, որ Թուրքիան վճռական պահին երես է թեքելու Մոսկվայից, եւ այդ հեռանկարը հղի է սպառնալիքներով ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի համար:

Կարծում եմ, որ այս հարցում ռազմավարական պլանավորման հորիզոնը պետք է ընդլայնվի:

Արցախյան վերջին պատերազմը, որում Թուրքիայի միջամտությունը բուռն ու լկտի էր, եւս մեկ անգամ ընդգծեց տարածաշրջանում հայերի ֆիզիկական անվտանգության հարցը:

Շատերը նկատել են, որ Հայոց ցեղասպանության ժամանակներից ի վեր Թուրքիան չի փոխվել, ոչ մի թիզ չի մոտեցել քաղաքակիրթ եւ խաղաղ պետության չափանիշներին:

Ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ չի կարելի առեւտրում Թուրքիայի հանդեպ լոյալ լինել Հայաստանի շահերի հաշվին, քանի որ ի վերջո ոչ լոյալություն կլինի, ոչ Հայաստան:

Չեմ կասկածում, որ այս դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում «քթով», իսկ ավելի ճիշտ՝ առանց «հայկական քթի» մնալ»։