Bloomberg գործակալության ֆոտոթղթակից Դիանա Մարկոսյանն այսօր` հունիսի 28-ին ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում:

Ինչպես Turan-ին հայտնել է Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը, Մարկոսյանի խոսքով, իր «փաստաթղթերը կարգին են», սակայն լրագրողին թույլ չեն տալիս քաղաք մտնել հայկական ազգանուն ունենալու պատճառով: Նա Բաքու է ժամանել հունիսի 28-ի գիշերը եւ մինչեւ ժամը 15:00-ն դեռ գտնվում էր տարանցիկ գոտում: Մարկոսյանը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացի է, իսկ Բաքու ժամանել է ռուսական անձնագրով:

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը հայտնել է, որ լրագրողը հավատամագրված չէ: Նրա խոսքով, ավելի վաղ Ադրբեջանի  ԱԳՆ-ն դիմում է ստացել` հավատարմագրել Bloomberg գործակալության թղթակից Մայքլ Սմիթին: Երբ այդ խնդրանքը բավարարվել է, նամակ է ստացվել, որ Սմիթին ուղեկցելու է ֆոտոթղթակից Դիանա Ղազարյանը (ԱԳՆ դիմելիս ֆոտոթղթակցի ազգանունն արդեն եղել է Ղազարյան):

Bloomberg գործակալությանն ուղղված պաշտոնական պատասխանում առաջարկվել է կամ հետաձգել այցի ժամկետները, որպեսզի  քննարկվի Ղազարյանին հավատարմագրելու հարցը, կամ ուղարկել մեկ այլ ֆոտոթղթակցի, քանի որ այս կարճ ժամանակահատվածում անհնար է անվտանգության միջոցներ ձեռնարկել Ղազարյանի համար:

Սակայն Bloomberg-ն անտեսել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական գրությունը, ասել է Փոլուխովը:

Ներկայումս, Մայքլ Սմիթն արդեն գտնվում է Բաքվում եւ նրա աշխատանքի համար խոչընդոտներ չկան, ասել է նա:

Ինչ վերաբերում է Bloomberg-ի ֆոտոթղթակցին, այդ խնդրով զբաղվում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որտեղից մեկնաբանություն ստանալ չի հաջողվե:

Կարելի է ենթադրել, որ հայ ֆոտոթղթակցին կարտաքսեն Ադրբեջանից: