Թյուր են որոշ փորձագետների կողմից հնչող կարծիքները, թե կազանյան հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին հնարավորությունն էր՝ լուծել ղարաբաղյան հարցը։ Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով. «Այլ բան է, որ այդ հանդիպումը վերջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համար»:
«Ինչպես երեւում է, Մինսկի խմբի ձեւաչափը պետք է փոփոխության ենթարկվի։ Այս մասին ակնարկում են նաեւ Եվրոպայում։ ԵՄ-ն ջանքեր է գործադրում աջակցել Մինսկի խմբին՝ միաժամանակ չգրավելով նրա տեղը։ Ամեն դեպքում, ԵՄ որոշ ներկայացուցիչներ ցանկանում են փոխարինել Մինսկի խմբի որոշ ներկայացուցիչների՝ հատկապես ֆրանսիացի համանախագահին։ Եվրոպայում որոշ կողմեր մտածում են նաեւ բանակցային գործընթացում ներգրավել նաեւ ԼՂՀ-ն։ Այս առումով բանավեճեր են ընթանում, սալայն վերջնական արդյունք դեռեւս չկա»,- նկատեց փորձագետը՝ միաժամանակ կրկնելով, որ մեծ է հավանականությունը, որ Մինսկի խմբի գործընթացը փոփոխությունների ենթարկվի։
Ամփոփելով՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ հակառակ կազանյան հանդիպումից ունեցած մեծ սպասումներին եւ ակնկալիքներին՝ այնտեղ ոչ մի բեկում էլ տեղի չունեցավ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի տեսակետները հաճախ միմյանցից շատ հեռու են գտնվում եւ դրանք համադրելը պարզապես անհնար է։
Նշենք, որ կազանյան եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 24-ին։



























