Քուվեյթն իր պատմության մեջ առաջին անգամ տիեզերք է արձակել սեփական արբանյակ։ Այս մասին տեղեկացրել է Orbital Space քուվեյթյան ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Բասամ ալ Ֆեիլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Falcon 9 կրիչ հրթիռով Քանավերալ հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանից իրականացվել է (Երկրի) արհեստական արբանյակի՝ «Քամար ալ Քուվեյթ»-ի (QMR-KWT, արաբերենից՝ «Քուվեյթի լուսին») արձակումը։ Մեր նպատակը տիեզերքը բոլորին հասանելի դարձնելն է, եւ մենք երջանիկ ենք, որ մեզ հաջողվեց իրականացնել այս նախագիծը այլ գործընկերների հետ»,- ալ Ֆեիլիի խոսքերը մեջբերում է էմիրության KUNA տեղեկատվական գործակալությունը։
Նա նաեւ ընդգծել է, որ «QMR-KWT-ը կրթական ծրագիր է եւ պետք է ոգեւորի շատ երիտասարդների, որպեսզի իրենց ապագան կապեն տիեզերական տարածքի հետ»։
SpaceX-ը չորեքշաբթի իրականացրել է 85 տիեզերական սարքերի արձակում, այդ թվում միկրոարբանյակներ, իր առեւտրային ծրագրի շրջանակում։ Falcon 9 կրիչ հրթիռը մեկնարկել է Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով ժամը 15։31-ին։
Ինչպես հավաստիացնում է KUNA-ն, Orbital Space-ը հիմնադրվել է 2018թ. եւ դարձել առաջին ընկերությունն արաբական աշխարհում, որն իրականացնում է սարքերի արձակում տիեզերք՝ օգտագործելով CubeSat տեխնոլոգիաներ, որով նախատեսվում է Երկրի փոքր արհեստական արբանյակների արձակում տիեզերքի հետազոտության համար։ Ընկերությունն այդ տեխնոլոգիայի մշակման, ստեղծման, թեստավորման եւ շահագործման ծառայություններ է մատուցում ուսանողներին եւ սիրողական մակարդակով զբաղվողներին։





























