Հայաստանում առաջին կապի օպերատորի ժառանգորդ «Տելեկոմ Արմենիան», Nokia-ի հետ համատեղ, հայտարարել է «Ապագայի ցանցի» գործարկման մասին, որը նմանը չունի ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ տարածաշրջանում: Նոր ցանցերը յուրաքանչյուր օգտվողին հնարավորություն կտան համաշխարհային ցանց մուտք գործել մինչեւ 25 Գբ/վ արագությամբ:
«Տելոկոմ Արմենիան»-ի համահիմնադիր Հայկ Եսայանը, Երեւանում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ ազդարարելով նոր ցանցի գործարկման մասին, հիշեցրել է, որ ընկերությունը Հայաստանում գործում է 1913 թվականից: Ավելի քան հարյուր տարի այն օգտագործել է պղնձե մալուխներ, բայց այժմ ցանցն ամբողջությամբ փոխարինվում է օպտիկամանրաթելայինով:
«Դուք կասեք, որ այսօր շատ մարդիկ օգտագործում են այդպիսի մալուխներ, բայց տարբերությունն այն է, որ Հայաստանի եւ տարածաշրջանի բոլոր օպերատորները օգտագործում են մեկ ցանց` շատ օգտվողներին ծառայություններ մատուցելու համար, եւ մինչ այժմ չի եղել այնպիսի մի դեպք, որ մեկ ցանցը հատկացվի մեկ օգտագործողի»,- ասել է Հայկ Եսայանը:
Այս առանձնահատկությունը, նրա խոսքով, բազմաթիվ հնարավորություններ է բացում նոր տեխնոլոգիաների ներդրման համար: Եւ, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, այս ցանցը, իր գրեթե բոլոր անվերջ հնարավորություններով կնպաստի երկրում տնտեսական լուրջ աճին:
«Որպեսզի գունագեղ պատկերացնենք, թե դա որքան կարեւոր նշանակություն կունենա մեր տնտեսության համար, պետք է հողային ճանապարհը համեմատենք Հյուսիս-Հարավ մայրուղու հետ: Ընկերության առաջարկած այս ենթակառուցվածքը հեղափոխական է, եւ այն հնարավորություն է տալիս մարդկանց նվաճել աշխարհը իրենց տներից»,- ասել է նա:
Nokia Fixed Networks ընկերության տնօրեն Սենդի Մոթլին լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ 25 Գբ/վ արագությունը շատ մեծ է, եւ սովորական օգտատերերին դժվար թե այն պետք լինի մոտ ապագայում: Սակայն այն շատ նոր հնարավորություններ կբացի ապագա զարգացման եւ հատկապես բիզնես ոլորտի համար: Ավելին, այս պահին դա ամենամեծ արագությունն է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում, ինչով կարելի է հպարտանալ:
Ինչպես նշեց Հայկ Եսայանը, խոսքը նույնիսկ մեծ արագության մասին չէ, այլ նրա, որ բնակիչները կկարողանան մուտք գործել նոր տիպի ցանցեր, եւ ակտիվ սարքերը, անհրաժեշտության դեպքում, կարելի է հեշտությամբ վերազինվել` տարբեր օգտատերերի համար ապահովելով տարբեր ծառայություններ եւ արագություններ:
Այսօրվանից Երեւանի Դավթաշեն համայնքի բնակիչներին հասանելի են նոր ցանցեր. նոր սերնդի ցանցը հուսալի ստորգետնյա ուղիներով հասնում է այս թաղամասի յուրաքանչյուր բազմաբնակարան շենք: Առանձին օպտիկական մանրաթելը (dark fiber) յուրաքանչյուր օգտատիրոջ միացնելու է ընկերության սերվերներին: Wi-Fi ցանցերի միջոցով օգտատերերի համար նույն մեծ արագությունն ապահովելու համար ընտրվել են Nokia ընկերության սարքավորումները:
Տեսանելի ապագայում նախատեսվում է, որ այս ծառայությունները մատչելի կդառնան ոչ միայն ամբողջ մայրաքաղաքում, այլ նաեւ Հայաստանի շատ այլ քաղաքներում եւ նույնիսկ գյուղերում: Ակնկալվում է, որ այս ծառայությունները շատ շուտով կգործեն Քաջարանում, Ջերմուկում եւ Հրազդանում:




























