Հունաստանը պատրանքներ չունի Թուրքիայի հետ հարաբերություններում նշանակալի առաջընթացի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ հույս հայտնելով, որ ամռան ընթացքում Էգեյան ծովում լարվածություն չի լինի:
Real News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ վերջերս կայացած բանակցությունները, ինչպես նաեւ թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ իր հանդիպումը օգնել են «հալեցնել սառույցը» երկու կողմերի միջեւ: «Սակայն մեր դիրքերը տրամագծորեն հակառակ են մնում»,- ասել է Դենդիասը` հավելելով, որ Թուրքիան հրաժարվում է հարգել միջազգային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքները: «Հուսով եմ, որ մենք կունենանք համեմատաբար հանգիստ ամառ, առանց Թուրքիայի սադրանքների»,- ասել է նա:





























