Սոչին, որտեղ հորդառատ անձրեւների պատճառով ուժեղ ջրհեղեղ տեղի ունեցավ, հաղթահարեց աղետը, քաղաքային ծառայությունները անցնում են աշխատանքի սովորական ռեժիմի: Այս մասին հայտարարել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին, հայտնում է РБК-ն:
«Ներկայումս քաղաքը հաղթահարել է աղետը, օդերեւութաբանները կանխատեսում են եղանակային պայմանների բարելավում: Սոչին անցնում է աշխատանքի սովորական ռեժիմի»,- ասել է քաղաքի ղեկավարը:
Նրա խոսքով՝ քաղաքային ծառայությունները սկսել են բոլոր հեղեղված տարածքների զանգվածային մաքրումը: Սոչիում ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 550 մարդ, 173 միավոր սարքավորում եւ 20 մոտոպոմպ, հավելել են քաղաքի վարչակազմում:
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Կոպայգորոդսկին ասել է, որ աղետի հետեւանքով վնասվել է շուրջ 30 տուն: Դրանցից չորսը հեղեղվել է Կեպշա, մնացածը՝ Կուդեպստա ավանում:
Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը հանձնարարել էր նախապատրաստվել տարածաշրջանում ջրհեղեղի իրավիճակի վատթարացմանը եւ հեղեղման հնարավոր շրջաններից բնակիչների տարհանմանը:
Կիրակի օրը, Սոչիի Ադլեր շրջանում, քամին քշել էր մի քանի ծառեր, մեկ մարդ մահացել էր, եւս երկուսը՝ վիրավորվել: Որոշ բնակավայրերում, այդ թվում՝ Լոոում, Կուդեպստայում եւ Նիժնայա Շիլովկայում, խափանվել էր էլեկտրամատակարարումը: Զբոսաշրջիկներին եւ Սոչիի բնակիչներին խորհուրդ էր տրվել դուրս չգալ տներից, ինչպես նաեւ չգնալ սարեր եւ անտառ:





























