Կալիֆոռնիայի 67-ամյա բնակիչը խոստովանել է, որ 10 տարի առաջ վիճակախաղով 55 միլիոն դոլար է շահել, եւ ոչ ոքի չի ասել այդ մասին: Այս մասին ասվում է MarketWatch կայքում հրապարակված նամակում:  

Միլիոնատերը դիմել է MarketWatch-ի անձնական ֆինանսների հարցերով խմբագիր Քվենտին Ֆոտրելին եւ հարցրել, թե արդյո՞ք ինքը ճիշտ է վարվել` ոչ ոքի չասելով շահումի մասին, հայտնել է Lenta-ն:

Տղամարդու խոսքով՝ գիտեր, որ քույրը կարող էր պահանջել գումարի կեսը նվիրաբերել եկեղեցուն: Նամակի հեղինակը չի ցանկացել կիսվել շահումով, քանի որ երկար ժամանակ չէր շփվել նրա հետ: Նա նաեւ գումար չի տվել բարեգործական կազմակերպություններին եւ չի պատմել իր ընկերներին եւ ծանոթներին շահումի մասին, որպեսզի պարտքով գումար չխնդրեն:

Ստացված գումարով միլիոնատերը գնել է ավտոմեքենա եւ տուն, իսկ հարազատներին ասել է, որ տուն է վարձում: «Ես շատ չեմ ծախսում», - բացատրել է նա: «Երեխաներ չունեմ, ծնողներս մահացել են: Քրոջս էլ ոչինչ չեմ տալիս, քանի որ չեմ սիրում նրան եւ նրա ամուսնուն, եւ տասը տարուց ավելի է, ինչ նրա հետ չեմ շփվում»:

Ֆոտրելը պատասխանել է, որ տղամարդուն հաջողվել է միանգամից երկու բարդ բան անել՝ շահել վիճակախաղը եւ պահել ամբողջ գումարը: Նրա կարծիքով, գումարը մարդուն չի փոխում, սակայն շրջապատողները սկսում են այլ կերպ ընդունել անսպասելի հարստացած ծանոթին կամ հարազատին՝ պրոյեկտելով նրա վրա իրենց սեփական կարիքները եւ պահանջելով իրենց հետ կիսվել գումարով: Խմբագիրը հավելել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրել այնպես, ինչպես ցանկանում է, եւ սեփական գումարը գաղտնի պահելու ցանկության մեջ դատապարտելի ոչինչ չկա: