Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Օսթին Միլլերը հեռացել է պաշտոնից՝ խորհրդանշելով ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար զինված հակամարտության ավարտը: Ռազմական առաքելության պաշտոնական ավարտը նախատեսված է օգոստոսի 31-ին, հայտնել է «Ամերիկայի ձայնը»:

Ծովային հետեւակի կորպուսի գեներալ Քեննեթ Մաքքենզին, ով ղեկավարում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը թեժ կետերում, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում, թռել է Քաբուլ՝ ընդգծելու, որ ԱՄՆ-ը շարունակելու է օգնություն տրամադրել աֆղանական անվտանգության ուժերին: Միեւնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ թալիբները, կարծես, նպատակ ունեն հասնել հակամարտության «ռազմական լուծմանը», ինչը ԱՄՆ-ը անհաջող փորձել է կարգավորել թալիբների եւ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի կառավարության բանակցությունների միջոցով:

Նա նախազգուշացրել է, որ նահանգների մայրաքաղաքները սպառնալիքի տակ են, սակայն նշել է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը «վճռական են տրամադրված՝ աննկուն կերպով պայքարելու» դրանց համար:

Նույնիսկ Միլլերի պաշտոնաթող լինելուց հետո, Մաքքենզին մինչեւ օգոստոսի 31-ը դեռ կկարողանա թույլատրել թալիբների դեմ ավիահարվածներ, որից հետո նա կկենտրոնանա «Ալ-Քաիդայի» եւ «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական գործողությունների վրա: