Բրիտանական իշխանությունները նախատեսում են մինչեւ 2035թ. արգելել ոչ մեծ դիզելային բեռնատարների վաճառքը, ինչպես նաեւ ավելի մեծ մեքենաներինը, որոնք կարող են տեղափոխել ավելի քան 26 տոննա բեռ՝ մինչեւ 2040թ.։ Այս մասին տեղեկացնում է Financial Times թերթը՝ հղում կատարելով տրանսպորտի դեկարբոնացման կառավարական ծրագրին։

Պլանը, որի մշակումը շատ է ձգձգվել, ներառում է մի շարք միջոցներ՝ ուղղված օդի աղտոտման կրճատմանը տրանսպորտի ոլորտում։ Լոնդոնի նպատակն է՝ հասնել զրոյական ցուցանիշի ջերմոցային գազերի արտանետումներում մինչեւ 2050թ., տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/

Բրիտանացի բեռնափոխադրողների կարծիքով՝ բրիտանական կառավարությունն այս դեպքում «չափից ավելի բարձր նիշ է դնում», քանի որ «այսօր գոյություն չունեն «տեխնոլոգիաներ», որոնք թույլ կտային ամենամեծ բեռնատար մեքենաներին աշխատել կուտակիչներից։ Որոշ փորձագետներ կարծում են, որ մեծ բեռնատար մեքենաների համար ավելի իրատեսական տարբերակ էր ջրածնային վառելիքը։

Եվրոպայում բեռնատար ավտոմեքենաների խոշոր արտադրողներն ավելի վաղ որոշել էին դադարեցնել բենզինով եւ դիզելային վառելիքով աշխատող մեծ բեռնատար մեքենաների վաճառքը մինչեւ 2040թ.՝ տասը տարի ավելի շուտ, քան սկզբում նախատեսվում էր։ Նման պարտավորություն կա այն համաձայնագրում, որը ստորագրել են Daimler, Scania, Man, Volvo, Daf, Iveco եւ Ford ընկերությունների ներկայացուցիչները Եվրոպական ավտոմեքենաներ արտադրողների ասոցիացիայի (ACEA) հովանու ներքո։

Դաշինքը Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ինստիտուտի հետ սերտ գործընկերությամբ նախատեսում է ուշադրությունը կենտրոնացնել կուտակիչների տեխնոլոգիաների, ջրածնի, վառելիքի էկոլոգիապես մաքուր տեսակների վրա։ Նոր տեխնոլոգիաների վրա միավորումը կծախսի 50-100 մլրդ եվրո։ Ավտոարտադրողները նաեւ հանդես են եկել էներգահամակարգերում խոշոր ներդրումների եւ Եվրոպայում ածխածնի արտանետումների հարկի բարձրացման օգտին։