Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի անվտանգության ծառայության ոստիկանության աշխատակիցները հարցաքննության չեն ներկայացել Պորտ-օ-Պրենս մայրաքաղաքի դատախազություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական Rezo Nòdwès թերթը:

Նշվում է, որ գլխավոր տեսուչ Փոլ Էդի Ամազանը եւ Ազգային պալատի անվտանգության գլխավոր համակարգող Ժան Ագել Սիվիլը պետք է ներկայանային կառավարության հանձնակատար Կլոդ Բեդ-Ֆորդի մոտ՝ Հայիթիի նախագահի սպանության հետաքննության շրջանակներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայիթիի ոստիկանությունը սպանված նախագահի անվտանգության համար պատասխանատուներին արգելել է լքել երկիրը՝ «պետության ղեկավարի սպանության բաց հետաքննության համար»: Ճանապարհորդության արգելքից բացի, անվտանգության աշխատակիցները պետք է ամեն օր ներկայանան Գլխավոր տեսչության գլխավոր գրասենյակ, նրանք այժմ ազատության մեջ են: Հուլիսի 12-ին դատախազությունը սկսել է հարցաքննել այս ծառայության որոշ սպաների՝ հարձակման գիշերը նրանց գործողությունները պարզելու համար:

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսը մահացու վիրավորվել էր հուլիսի 7-ի գիշերն իր նստավայրի վրա հարձակման արդյունքում: Նրա կինը՝ Մարտին Մոյիզը, վիրավորվել էր, եւ այժմ գտնվում է կայուն վիճակում Ամերիկայի Մայամի քաղաքի հիվանդանոցներից մեկում: Հայիթիի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք բացահայտել են 28 կասկածյալի, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են: Նրանցից տասնյոթը ձերբակալվել են: