Թուրքիան պատրաստ է մասնակցել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովմանը միջազգային համաձայնագրի շրջանակներում` հաշվի առնելով Աֆղանստանի կառավարության եւ ժողովրդի դիրքորոշումը: «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ահմեթ Բերաթ Չոնկարը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարան առաջարկել է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո՝ իր կողմից առաջադրված մի շարք պայմանների դեպքում: Ավելի ուշ նա ասել էր, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի ու Աֆղանստանի հետ: Միեւնույն ժամանակ, կառավարության անվտանգության եւ պաշտպանության ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աջմալ Շինվարին ասել է, որ Աֆղանստանի ուժերը պատասխանատու կլինեն Քաբուլի օդանավակայանի համար Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո, օտարերկրացիները կզբաղվեն միայն տեխնիկական աշխատանքով:

«Աֆղանստանի կառավարությունը եւ «Թալիբան»-ը պետք է մի կառույց ստեղծեն, որը կայունություն եւ անվտանգություն կապահովի երկրում եւ այնպիսի երկրի ռազմական ուժերի առկայություն Աֆղանստանում, ինչպիսին է Թուրքիան, որին բոլորը վստահում են, հիմք կստեղծի դրա համար: Բայց սա այն որոշում չէ, որը պետք է կայացնի միայն Թուրքիան»,- ասել է Չոնկարը:

Նրա խոսքով՝ այս որոշումը պետք է կայացվի «միջազգային համաձայնագրի շրջանակներում, որը չի հակասի աֆղանական ներքին դինամիկային»: «Այդ դեպքում Թուրքիան կկարողանա ապահովել անվտանգությունը եւ իր ներդրումն ունենալ, որպեսզի Աֆղանստանում անկայուն իրավիճակ չվերականգնվի: Իհարկե, Աֆղանստանը հանդես կգա որպես անկախ ինքնիշխան պետություն, եւ Թուրքիան կարող է ներդրում ունենալ ինչպես տեխնիկապես, այնպես էլ լոգիստիկորեն: Ռազմական ներկայությունը եւս իր արժեքն ունի անվտանգության ապահովման գործում»,- ասել է նա:

Աղբյուրը հավելել է, որ «Թուրքիայի դիրքորոշումն Աֆղանստանում անկայունությունը վերացնելն է եւ մտադրություն չունի գործողություններ ձեռնարկել, որոնց աֆղանական ժողովուրդը դեմ կլիներ»:

Թալիբանը հայտարարել է, որ իրենք դեմ են Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայմանը, քանի որ դա խախտում է երկրի ինքնիշխանությունը: Թալիբանները նշել են, որ Անկարայի կողմից նման որոշումը խնդիրներ կառաջացնի Թուրքիայի եւ Աֆղանստանի ժողովուրդների միջեւ, եւ նախազգուշացրել է, որ եթե թուրք զինվորականները մնան Աֆղանստանում, իրենք դիմադրելու են, եւ հետեւանքների համար պատասխանատվությունը կրելու են «նրանք, ովքեր միջամտել ներքին գործերին»:

Հունիսին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Ըստ նրա՝ այդ մասին խոսել են երկու երկրների նախագահներ Ջո Բայդենը եւ Թայիփ Էրդողանը: Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց, ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովն ասել էր, որ Թուրքիայի համապատասխան ծրագրերը խախտում են պայմանավորվածությունները «Թալիբանի» հետ:

ԱՄՆ վարչակազմը մայիսի 1-ից սեպտեմբերի 11-ը խոստանում է ավարտել զորքերի դուրսբերումն Աֆղանստանից՝ դաշնակիցների հետ լիակատար համաձայնեցմամբ: