Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գլխավոր կասկածյալներից մի քանիսը դեռ մի քանի ամիս առաջ են քննարկել նրան իշխանությունից հեռացնելու պլանները: Այս մասին հինգշաբթի հաղորդել է The New York Times-ը՝ վկայակոչելով Հայիթիի ոստիկանության եւ Կոլումբիայի անվտանգության աշխատակիցներին, ովքեր հետաքննում են հանցագործությունը, ինչպես նաեւ՝ քննարկումների մասնակիցներին:
Վերջին մեկ տարվա ընթացքում այդ հանդիպումներն անցկացվում էին Ֆլորիդայում եւ Հայիթիի հարեւան Դոմինիկյան Հանրապետությունում: Ճիշտ է, դրանց մասնակիցները պնդում են, որ խոսքը ոչ թե նախագահի սպանության, այլ նրան իշխանությունից հեռացման մասին էր: Մոիզի դեմ դավադրության շատ հանգամանքներ դեռ առեղծված են մնում, նշում է թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հայիթիի ոստիկանությունը քիչ տեղեկություններ է հաղորդել [դավադրության մասին]: Իսկ ամերիկացի եւ կոլումբիացի պաշտոնյաներն ասել են, որ Հայիթիի մայրաքաղաքում իրենց ներկայացուցիչները չեն կարող խոսել ձերբակալվածների մեծ մասի հետ, եւ նրանք ստիպված են ապավինել Հայիթիի իշխանությունների տվյալներին»,- գրում է պարբերականը:
Թերթի թղթակիցները զրուցել են Կոլումբիայի նախկին զինվորականների հարազատների հետ, ովքեր մասնակցել են Հայիթիի նախագահի նստավայրի վրա հարձակմանը: Ըստ նրանց՝ Հայիթի մեկնել ցանկացողներին հավաքողն ասել է, որ խոսքն այդ երկրում «կարեւոր դեմքերի պաշտպանության» օպերացիայի մասին է, որն աջակցվում է ինչ-որ ամերիկյան ընկերության կողմից, եւ խոստացել կոլումբիացիներին վճարել մասնակցության համար: Որոշ դեպքերում նա պնդել է, որ օպերացիային աջակցում է ԱՄՆ կառավարությունը:
Հայիթիի իշխանությունները բերման են ենթարկել կոլումբիացի 18 նախկին կոմանդոսի: Ընդհանուր առմամբ, ըստ իշխանությունների, Մոիզի սպանության փորձ կատարած խմբում ընդգրկված է եղել Կոլումբիայի առնվազն 26 քաղաքացի:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել էր հուլիսի 7-ի գիշերն իր նստավայրի վրա հարձակման արդյունքում: Կառավարությունը 15 օրով ռազմական դրություն է մտցրել հանրապետությունում:





























