ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպման արդյունքներով «Վաշինգտոնյան հռչակագիր» են ստորագրել:
«Համաձայնագիրը, որը ստորագրել ենք, փաստաթուղթ է, որը հաստատում է մեր հավատարմությունը ժողովրդավարական այն կուռ սկզբունքներին, որոնք ընկած են մեր երկրների հիմքում, ինչպես նաեւ այն, որ մենք կիրառելու ենք դրանք այժմյան ու գալիք նշանակալի մարտահրավերներին դիմակայելու համար»,-համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Բայդենը:
«Մենք ձգտելու ենք ժողովրդավարական սկզբունքների եւ համընդհանուր իրավունքների ամրապնդմանը այն դեպքում, երբ տեսնում ենք, որ Չինաստանը կամ էլ ցանկացած այլ երկիր ձգտում է ճեղքել ազատ ու բաց հասարակությունները»,-ասել է Բայդենը, նրա խոսքը մեջբերում է DW-ը:
Փաստաթղթում ասվում է գերմանաամերիկյան ֆորումի ստեղծման եւ տնտեսական երկխոսության մասին: Հռչակագրում նշվում է, որ ԱՄՆ-ն եւ Գերմանիան ՆԱՏՕ-ն համարում են Եվրոպայի անվտանգության ապահովման գլխավոր տարրն ու ընդգծում համատեղ պաշտպանության սկզբունքին հակվածությունը:
Հանդիպման ժամանակ էներգետիկայի ոլորտում եւ կլիմայի պաշտպանության հարցում գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվել:
Վաշինգտոն այցը դարձել է որպես կանցլեր Մերկելի վերջին այցը ԱՄՆ:
Բայդենը բարձր է գնահատել կանցլերի ջանքերը անդրատլանտյան հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ Անգելա Մերկելն ակտիվ մասնակցություն է ունեցել Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ժամանակակից հարաբերությունների կառուցման գործում:





























