Կիրակի անկարգություններից հետո Կուբայի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում պարեկություն իրականացնելու համար ուղարկված ոստիկանական ջոկատների մի մասը շարունակում է հերթապահել: Քաղաքում իրավիճակը հանգիստ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուժեղացված պարեկությունը շարունակվում է առայժմ Հավանայի գլխավոր զբոսավայր Մալեկոնում՝ Կապիտոլիումի հարեւանությամբ եւ Կենտրոնական Հավանայի մունիցիպալիտետում: Ըստ պաշտոնական տվյալների՝ հինգշաբթի քաղաքում անկարգություններ չեն գրանցվել:
Մայրաքաղաքում վերականգնվել է բջջային ինտերնետը, սակայն Facebook-ի, WhatsApp-ի եւ Instagram-ի հասանելիությունը դեռ սահմանափակ է: Խանութներն ու հասարակական սննդի հաստատությունները գործում են սանիտարական ստանդարտներին համապատասխան՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար. սոցիալական հեռավորությունը պարտադիր է, ռեստորանները աշխատում են միայն սնունդը տանելով:
Հուլիսի 11-ին Կուբայի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ հանրապետության մի քանի քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները կողոպտել են մի շարք խանութներ: Դրանից առաջ զանգվածային ցույցեր էին սկսվել Հավանայից 24 կմ հարավ գտնվող Սան Անտոնիո դե լոս Բանոս քաղաքում: Նախագահ Դիաս-Կանելը կոչ է արել Կուբայի հեղափոխության պաշտպաններին դուրս գալ փողոց՝ իշխանությունների դեմ սադրանքները կանխելու: Կառավարության շատ կողմնակիցներ, պաշտոնական տվյալներով, վնասվածքներ են ստացել անկարգությունների մասնակիցների հետ բախումներում:





























