Աբու Դաբին հուլիսի 19-ից կմտցնի մասնակի պարետային ժամ եւ հանրային առողջապահության այլ միջոցներ «COVID-19-ի տեսակների տարածումը կանխելու եւ անընդհատ թեստավորում ապահովելու ջանքերի շրջանակում»։
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքը փորձում է կանգնեցնել COVID-19-ի տարածումը, եւ նոր կանոնները նրա գործադրած ջանքերի վերջին տարբերակն են։
Հունիսին հայտարարվել էր, որ քաղաքը կարգելի չպատվաստված մեծահասակներին այցելել հանրային վայրերի մեծ մաս։
Աբու Դաբիի Արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի եւ տարերային աղետների կոմիտեն հայտարարել է, որ պարետային ժամը գործելու է կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 5-ը ամեն օր, որպեսզի ապահովվի որոշ հանրային վայրերի մաքրումը։ Այդ ընթացքում հանրային տրանսպորտը չի աշխատի, եւ մարդիկ «պետք է մնան տանը, եթե փողոց դուրս գալու ծայրահեղ անհրաժեշտություն չկա»։
Տարբեր հասարակական վայրերում նույնպես ելումուտը փոփոխված է։ Այնպիսի հանրային վայրեր, ինչպիսին են լողափերը, այգիները, ռեստորանները, ավտոբուսները եւ մարզասրահները, կծանրաբեռնվեն 50 տոկոսով։ Առեւտրային կենտրոնները կաշխատեն 40 տոկոսով, կինոթատրոնները՝ 30։
Կոմիտեն նաեւ հայտարարել է COVID-19-ի թեստավորման նոր պահանջների մասին Աբու Դաբի եկող այցելուների համար։ Նրանց կթույլատրվի քաղաք մտնել միայն բացասական թեստի դեպքում, եւ այն պետք է անցնել մեկ անգամից ավելի՝ կախված կեցության տեւողությունից։
Այս կանոնները կկիրառվեն բոլոր քաղաքացիների եւ ռեզիդենտների հանդեպ՝ պատվաստված, թե չպատվաստված։





























