Սինգապուրի իշխանությունները նորից սոցիալական սահմանափակումներ կմտցնեն դրանց չեղարկումից մեկ շաբաթ հետո, բայց առաջին անգամ որոշ թուլացումներ կսահմանեն լրիվ պատվաստվածների համար։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում տեղեկացրել է ֆինանսների նախարար Լոուրենս Վոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական խումբն ավելի վաղ հայտարարել էր հուլիսի 12-ից սոցիալական եւ տնտեսական գործունեության աստիճանական վերականգնման մասին։ Բայց վարակի՝ օրերս առաջ եկած նոր օջախները խանգարել են այդ գործընթացին»,- ասել է գերատեսչության ղեկավարը։ Նա խորհուրդ է տվել ուշադրության առնել այն փաստը, որ «բնակչության զգալի մասն արդեն ստացել է պատվաստանյութերը»։
Կորոնավիրուսի նոր բռնկման հետ կապված՝ Սինգապուրի իշխանությունները որոշել են նորից կրճատել սրճարանների, ռեստորանների, հանրային սննդի այլ ձեռնարկությունների, մարզասրահների այցելուների թիվը։
«Հուլիսի 19-ից մինչեւ օգոստոսի 8-ը ներառյալ միայն երկու մարդ կարող է գտնվել մեկ սեղանի առջեւ, մարզասրահների պարապմունքները նույնպես կարելի է անցկացնել երկու մարդուց ոչ ավելի խմբերով»,- տեղեկացրել է Վոնը։ «Եթե այցելուները լիովին պատվաստվել են կամ արդեն հիվանդացել են COVID-19-ով վերջին 9 ամիսներին, ապա նրանք կկարողանան հավաքվել մինչեւ հինգ մարդ խմբերով, այդ թվում մարզասրահներում»,- ասել է ֆիննախի ղեկավարը։
Ինչպես տեղեկացրել է առողջապահության նախարար Օն Ե Կունը մամուլի ասուլիսում, «Սինգապուրի բնակիչների մոտ 73 տոկոսը ստացել է պատվաստանյութերի առաջին չափաբաժինը, իսկ լրիվ պատվաստվել է 45 տոկոսը»։ Կառավարությունը պետական ծրագրի համար հավանություն է տվել Pfizer-BioNTech եւ Moderna ընկերությունների պատվաստանյութերին։





























