Վարկատու երկրները համաձայնել են ներել Սուդանի 14.1 միլիարդ դոլարի միջազգային պարտքը՝ բարձր գնահատելով դրա տնտեսական բարեփոխումները եւ աղքատության դեմ պայքարի ջանքերը, գրում է The Associated Press-ը:
Ուրբաթ արված իր հայտարարության մեջ Պարտատեր երկրների փարիզյան ակումբը հայտարարել է նաեւ, որ տեղափոխել է Սուդանի մնացած 9.4 միլիարդ դոլար պարտքը եւ հայտարարել է ապագայում պարտքերի հետագա ազատման հնարավորության մասին:
Սուդանի ընդհանուր արտաքին պարտքը գնահատվում է 70 միլիարդ դոլար: 22 երկրներից բաղկացած Փարիզյան ակումբը, որը վարկեր են տրամադրում կարիքավոր կառավարություններին, կոչ է արել մյուս վարկատուներին պարտքերի նման ներում տրամադրել:
Ֆեյսբուքի իր էջին Սուդանի ֆինանսների նախարար Գեբրիել Իբրահիմը շնորհավորել է սուդանի ժողովրդին՝ խոստանալով աշխատել այնպիսի համաձայնությունների ձեռք բերման ուղղությամբ, որոնք կապված չեն Փարիզյան ակումբի այլ վարկատուների հետ:
Հայտարարությունը ուրբաթ օրն արվել է այն բանից հետո, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց Սուդանի համար 1.4 միլիարդ դոլար պարտքի թեթեւացման մասին, իսկ անցյալ ամիս Ֆրանսիան էր չեղյալ հայտարարել 5 միլիարդ դոլարի պարտքը՝ փորձելով խթանել երկրի ղեկավարությունը եւ խեղված տնտեսությունը:





























