ԱՄՆ-ն Վրաստանին Pfizer պատվաստանյութի կես միլիոն դեղաչափ կտրամադրի, գրում է «Sputnik-Վրաստան»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հայտարարությանը:
Pfizer-ով պատվաստումը Վրաստանում սկսվել էր հուլիսի 16-ին երեք քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի եւ Քութայիսիի յոթ կլինիկայում: Երկիր է ներմուծվել պատվաստանյութի 28 հազար դեղաչափի առաջին խմբաքանակը: Pfizer-ի երկրորդ եւ երրորդ խմբաքանակները կմատակարարվեն հուլիսի ընթացքում: Ընդհանուր առմամբ, Վրաստանը պետք է ստանա այս դեղամիջոցի ավելի քան մեկ միլիոն դեղաչափ:
«Վերջին օրերին դուք կարող եք տեսնել, որ մեզ մոտ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է գրանցվել: Ես ուզում եմ մարդկանց ասել, որ այս իրավիճակի հիմնական լուծումը պատվաստումն է: Ժամանակին խնդիր կար, որ երկրում բավարար քանակությամբ պատվաստանյութեր չկային, մենք փորձեցինք ներկրել: Sinovac-ի եւ Sinopharm-ի պատվաստանյութերն արդեն տեղում են, Pfizer պատվաստանյութերի մատակարարումն արդեն սկսված է, եւ պատվաստանյութը փուլ առ փուլ կներկրվի ամեն հանգստյան օրերին: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել մեզ տրամադրել Pfizer-ի կես միլիոն դեղաչափ, որոնք մենք կստանանք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- լրագրողներին հայտնել է Գարիբաշվիլին:





























