Եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումը թելադրված է քաղաքական իրողություններով, ապա Սահմանադրական դատարանը կկիսի Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված հանցագործությունների պատասխանատվությունը: Այս մասին հուլիսի 17-ին «Իրավական մարտահրավերները Հայաստանում» համաժողովի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրավաբան Աննա Մկրտչյանը:
Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի նիստերի ընթացքում դիմողների փաստաթղթերը հերքող որեւէ տվյալներ չեն տրամադրվել: Նա պարզաբանեց, որ եթե ապացույցները չեն հերքվում, ապա այդ փաստը համարվում է հաստատված:
«Օրենքի համաձայն՝ եթե ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք իրական ազդեցություն է գործադրվել ընտրությունների արդյունքների վրա, ապա դա բավարար է այդ արդյունքները անվավեր ճանաչելու համար: Վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ որեւէ հակափաստարկ չի եղել: ԿԸՀ-ն արեց այն, ինչ պետք է աներ՝ ապահովեց Փաշինյանի հաղթանակը՝ անտեսելով բոլոր խախտումները: Մտահոգություն է առաջացնում այն, որ եթե ՍԴ որոշումը թելադրված է քաղաքական իրողություններով, ապա ապագայում այն կարող է դառնալ իրավական նախադեպ», - հավելեց Մկրտչյանը:
Նա նշեց, որ ԿԸՀ-ի դիրքորոշումը տանում է նրան, որ Հանձնաժողովը առավելագույն լիազորություններ ունի ձեւակերպելու համար այն, ինչը կոչում են ընտրություններ` առանց խախտումներին անդրադառնալու:
Հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժեր («Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, «Զարթոնք» դաշինք եւ «Հայոց հայրենիք» կուսակցություն) Սահմանադրական դատարան էին դիմել արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:





























