ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Գուանտանամոյի բանտից իր առաջին բանտարկյալին է տեղափոխել Մարոկկո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«2016-ին Պարբերական վերանայման խորհուրդը (PRB) որոշել է, որ Աբդուլ Լաթիֆ Նասիրին բանտարկելը պատերազմի օրենքով այլեւս անհրաժեշտ չէ՝ ԱՄՆ ազգային անվտանգության շարունակական էական սպառնալիքից պաշտպանվելու համար: Այսպիսով, PRB-ն առաջարկել է թույլատրել Նասիրի տեղափոխումը հայրենի Մարոկկո»,- ասվում է ԱՄՆ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ըստ New York Times-ի՝ սա Գուանտանամոյից բանտարկյալի առաջին տեղափոխությունն է Բայդենի վարչակազմի օրոք:
Նշվում է, որ Նասիրին 2001-ին բռնել էին Պակիստանի անվտանգության ուժերը, որոնք նրան հանձնել էին ԱՄՆ-ի զինվորականներին: Նասիրին այդպես էլ հանցագործության մեղադրանք չի առաջադրվել:
Այժմ բանտում կա 39 բանտարկյալ, նրանցից միայն 11-ին են մեղադրել ռազմական հանցագործությունների մեջ: Քսանութ բանտարկյալներ համարվում են ազատությունից անժամկետ զրկված:
Հաղորդվում է, որ Բայդենի իշխանության գալով, PRB-ն հաստատել է հինգ բանտարկյալների հանձնումը:
Գուանտանամոյի բազայում միջազգային ահաբեկիչների համար բանտը ստեղծվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Ավելի վաղ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ի փորձագետները, ԱՄՆ նոր վարչակազմին կոչ էին անում անհապաղ փակել Գուանտանամոյի բանտը` այն բանի համար, որ շատ բանտարկյալներ այնտեղ պահվում էին առանց դատի ու հետաքննության եւ խոշտանգումների էին ենթարկվում:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի քան 10 տարի առաջ Գուանտանամոն փակելու գործադիր հրաման էր ստորագրել: Բայց Օբամայի մտադրություններն հաջողությամբ չէին պսակվել, քանի որ Կոնգրեսը հրաժարվել էր ֆինանսավորել բանտի փակումը: ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության գալուց հետո պաշտոնապես չեղյալ էր հայտարարել Օբամայի հրամանագիրը: Ընդ որում, Գուանտանամոյում նոր բանտարկյալներ չեն հայտնվում: Գուանտանամոյով ընդհանուր առմամբ անցել է 775 բանտարկյալ, նրանց ճնշող մեծամասնությունը երբեք չի կանգնել դատարանի առջեւ:





























