SpaceX-ը տարին մեկնարկեց՝ ուղեծիր արձակելով թուրքական Türksat 5A կապի արբանյակը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գեոստացիոնար ուղեծիր արբանյակի դուրսբերումը թույլ կտա Թուրքիային հեռարձակել Եվրոպա, Մերձավոր Արեւելք, Աֆրիկայի մեծ մաս եւ Սեւ ծով, գրել է The National Interest-ը:

«Türksat-ը պետական ​​ընկերություն է եւ արբանյակային կապի միակ օպերատորն է Թուրքիայում: 2017 թվականի նոյեմբերին Իլոն Մասկի եւ Էրդողանի հանդիպումից հետո թուրքական կառավարությունը SpaceX-ին պայմանագիր է ներկայացրել Türksat 5A եւ 5B արբանյակների արձակման վերաբերյալ: SpaceX-ը 5B արբանյակի արձակումը ծրագրել է 2021 թվականի նոյեմբերին:

Իլոն Մասկը պետք է հրաժարվի պայմանագրից: Միամտություն է կարծել, որ թուրքական կառավարության նպատակը արբանյակային ցանցով հեռարձակման ընդլայնումն է կամ պարզապես կապի բարելավումը: Ե՛վ Հունաստանի խորհուրդը, եւ՛ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը զգուշացրել են, որ Türksat 5B-ն ռազմական նշանակություն ունի:

Türksat արբանյակները կարող են հնարավորություն տալ թուրքական անօդաչուներին ավելի մեծ ճշգրտությամբ կողմնորոշվել: Թուրքիան (Իսրայելի հետ միասին) Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր եւ, հնարավոր է, թիրախների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել, ինչպես նաեւ աջակցել է Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ:

Ադրբեջանի անակնկալ հարձակումը, որը համընկնկավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ, սկսվեց անօդաչուների ռմբակոծություններով: Մինչ ադրբեջանցիները, որոնց ձեռնտու է «խավիարային դիվանագիտությունը», ասում են, որ Լեռնային Ղարաբաղն իրենց է պատկանում՝ հիմնվելով 1920-ականներին Իոսիֆ Ստալինի՝ տարածաշրջանային սահմանների շահարկումների վրա, իրականությունն այն է, որ Ադրբեջանը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմաններին համապատասխան պարտավորություններ՝ հակամարտության կարգավորմանը հասնել դիվանագիտական ​​ճանապարհով:   

Բաքուն ստացել է ԱՄՆ-ի աջակցությունը «Ազատության աջակցության ակտի» համաձայն, ըստ որի նա չի փորձի ռազմական ուժ կիրառել դիվանագիտական ​​կամ տարածքային նպատակներին հասնելու համար: Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գնալով ավելի շատ է հիշեցնում Սադամ Հուսեյնին՝ հարեւան պետությունների տարածքների նկատմամբ ունեցած պահանջների պատճառով եւ գործում է նրա պես՝ հաշվի առնելով, որ ռազմագերիներ է պահում եւ հարձակվում է հարեւան երկրի տարածքի վրա:

Սա մեծացնում է այն հավանականությունը, որ Türksat 5B-ն կհանգեցնի արյունահեղության եւ էթնիկ զտումների: Մասկը գուցե ցանկանա անտեսել այն փաստը, որ Ալիեւը Հայաստանի մայրաքաղաք Երեւանն իր սեփականությունն է հայտարարել, բայց նա չի կարող լվանալ արյունն իր ձեռքերից, եթե նա եւ SpaceX-ը թույլ տան Էրդողանին ու Ալիեւին կյանքի կոչել իրենց խոսքերը:

Սա պարզապես հայկական հարց չէ: Էրդողանը անօդաչու թռչող սարքերի թուրքական բազա է կառուցել օկուպացված հյուսիսային Կիպրոսում՝ ընդլայնելով թուրքական անօդաչուների գործողության տիրույթը:

Այսպիսով, Եգիպտոսը, Լիբանանը, Իսրայելը, Հունաստանը եւ Լիբիան հայտնվում են անօդաչու թռչող սարքերի ազդեցության գոտում: Բացի այդ, թռիչքի այս հեռահարության սահմաններում կգտնվեն նաեւ Միջերկրական ծովի արեւելքում գազի արդյունաբերության մեջ աշխատող ամերիկացիներն ու եվրոպացիները:

SpaceX արբանյակը, որը նախատեսվում է արձակել նոյեմբերին, թույլ կտա Թուրքիային հաղթահարել ծովը հատելու կամ վատ եղանակին նավարկելու դժվարությունները: Դա նաեւ մեծացնում է այն հավանականությունը, որ Էրդողանը կարող է նման տեխնոլոգիա կիրառել: Սա ավելին է, քան ենթադրություն: Ի վերջո, Էրդողանն արդեն բախվել է շինարարական այն խնդրի հետ, ինչը թուրքական կառավարությունն անվանում է Գեչիտկալայի ավիաբազա, որն առավել հայտնի է որպես «Լեֆոնիկո» օդանավակայան:

Էրդողանը, հավանաբար, հրապուրել է Մասկին այնպես, ինչպես ժամանակին Ջորջ Բուշին, Բարաք Օբամային եւ Դոնալդ Թրամփին, կամ գուցե Մասկը պարզապես արձակումը դիտարկում է որպես բիզնեսի լավ հնարավորություն SpaceX-ի համար: Այնուամենայնիվ, չի կարելի անտեսել այն փաստը, որ Türksat 5B-ի արձակման դեպքում SpaceX-ը պոտենցիալ կարող է արյունահեղության եւ բռնաճնշումների մեղսակից դառնալ։

Մասկին գուցե դա չի հետաքրքրում, բայց Սպիտակ տունը եւ Կոնգրեսը պետք է մտահոգվեն՝ հաշվի առնելով արբանյակներում ներառված ամերիկյան բաղադրիչները եւ նախագահ Ջո Բայդենի հռետորաբանությունը մարդու իրավունքների վերաբերյալ: Հնարավոր է՝ եկել է ժամանակը, որ Բայդենի վարչակազմն ու հանրապետականները միանան եւ SpaceX-ին ասեն, որ ընկերությունը հրաժարվի Türksat-ի հետ իր բիզնեսից կամ վտանգի տակ կդնի ԱՄՆ կառավարության հետ իր ավելի եկամտաբեր պայմանագրերը»: