Մայիսի 16-ին Արարատի մարզի 10 գյուղերում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` 9 գյուղերում թեկնածուներ առաջադրած Հայաստանի հանրապետական կուսակցությունից գյուղապետ են ընտրվել 6-ը:

Առավել թվով քվեներ ստացած թեկնածուներից 3-ը անկուսակցական են, իսկ 1-ը`"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, 2 գյուղերում` Հայանիստում եւ Սիսում, անկուսակցական թեկնածուները հաղթել են ՀՀԿ թեկնածուներին։ Սայաթ-Նովա գյուղում ԲՀԿ ներկայացուցիչը 90 ձայն ավել է հավաքել ՀՀԿ թեկնածուից եւ դարձել գյուղապետ: 10 գյուղերից 3-ում առաջադրվել էր մեկական թեկնածու, նրանցից 2-ը` ՀՀԿ-ից են, 1-ը` անկուսակցական:

Հայանիստում անկուսակցական Բալաբեկ Սարկիսյանը 146-ով ավելի քվեներ է ստացել ՀՀԿ թեկնածուից՝ գործող գյուղապետ Գուրգեն Մարտիրոսյանից: Սիս գյուղում ՀՀԿ-ական Պարույր Մնացականյանը պարտվել է անկուսակցական Արմեն Եղյանին։ Գուսանագյուղում գյուղապետ է ընտրվել Գառնիկ Անտոնյանը, Դարբնիկ համայնքում՝ ՀՀԿ-ական թեկնածու Ազատ Խաչատրյանը։ Նորամարգում եւս հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն՝ Սարգիս Գալստյանը՝ պարտության մատնելով անկուսակցական Էմմա Շադունցին։