Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Մամուլի աջակցության Ինտերնյուս ՀԿ-ն իրենց մտահոգությունն են հայտնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ: Ըստ մամուլի ոլորտի մասնագետների՝ 2010 թվականի մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է իր մշակած օրինագիծը, որն այնուհետեւ որոշ փոփոխություններով հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի նիստում:

«Օրինագծի մշակման նման հապշտապությունն ու այն անհետաձգելի համարելը պատճառաբանվում է Հայաստանում թվային հեռարձակման անցման եւ այդ գործընթացի իրավական կարգավորման անհրաժեշտությամբ»,- նշել են հայտարարության հեղինակները՝ նկատելով, որ անհասկանալի է մնում ներկայացված փաստաթղթի ձեւաչափը, օրինագծի բովանդակությունը չի արտացոլում այն աշխատանքները, որոնց իրականացման համար անհրաժեշտ է 2 տարի: Հեղինակների կարծիքով՝ օրինագծում լուծում չեն տրվում այն կարեւորագույն խնդիրներին, որոնք հետեւողականորեն մատնանշվում են մի շարք լրագրողական, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից:

Մտահոգիչ է նաեւ ըստ օրինագծի լիցենզավորման ենթակա հեռուստահեռարձակողների կոնկրետ թիվը՝ 18: «Լիցենզիաների սահմանված թիվը ենթադրում է, որ ներկայումս գործող որոշ հեռուստաընկերություններ կզրկվեն լիցենզիաներից, դա իր հերթին նշանակում է, որ քիչ հավանական է դառնում նորերի` այդ թվում միգուցե արդեն իսկ թվային հեռարձակմանը պատրաստ ընկերությունների` շուկա մուտք գործելը»,- նշել են հայտարարության հեղինակները՝ բարձրաձայնելով այլ մտահոգությունների մասին եւս: