2009թ. մայիսին Հայաստան այցելության արդյունքում իտալացի ռեժիսոր Պիետրո Կիոդարելլիի կողմից նկարահանվել էր «Հայաստանի սուրբ քարերը» փաստավավերագրական ֆիլմը (52 րոպեանոց)` Հայաստանի քրիստոնեական ճարտարապետության վերաբերյալ, որում խորաթափանց կերպով ներկայացվում են հայ միջնադարյան եկեղեցաշինության կոթողները, հարցազրույցներ են անցկացվում անվանի հայ եւ իտալացի պատմաբանների ու ճարտարապետների հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իտալիայում հասարակության լայն շրջանակներին հասցնելու նպատակով Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ Pietre Sacre D`Armenia ֆիլմը բազմացվել է 25.000 օրինակ եւ Իտալիայի հեղինակավոր հնագիտական «Արկեոլոջիա վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-հունիս համարի հետ միասին որպես ներդիր բաժանվել է ամսագրի բոլոր բաժանորդներին:

Ամսագրի նույն համարում տպագրվել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգության եւ պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հոդված: