Սամվել Բաբայանը հերքել է տարածված տեղեկությունները, թե իրեն նշանակելու են պաշտպանության նախարարի պաշտոնում:
Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշված է. «Վերջերս պարբերաբար տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ են տարածվում Սամվել Բաբայանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին, ընդ որում՝ այդ ամենը կապվում է Ռոբերտ Քոչարյան — Սերժ Սարգսյան այսպես կոչված „հակադրության“ հետ:
Ցանկանում ենք մեկ անգամ եւս նշել, որ եթե Սամվել Բաբայանը որոշի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ապա դա կանի հրապարակավ՝ դա չկապելով այլոց հարաբերությունների ու ծրագրերի հետ»,- նշել են գրասենյակից եւ հավելել. «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար դառնալուն, ապա Բաբայանը որեւէ պաշտոնի երբեք չի ձգտել եւ չի ձգտում: Նախկինում իր զբաղեցրած բոլոր պաշտոնները Բաբայանը ստացել է արտակարգ իրավիճակների ժամանակ եւ անհրաժեշտության թելադրանքով»։
Գրասենյակը նաեւ հաստատել է տեղեկությունը, թե Սամվել Բաբայանը վերջերս այցելել է Իրան: «Ցանկանում ենք նշել, որ Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ այցելում է տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Անհասկանալի է, թե ինչու հենց Իրան կատարած այցելությունն է առաջացրել նման բամբասանքների շարան: Սամվել Բաբայանը իրոք վերջերս այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, սակայն այդ այցը ուներ մասնավոր, այլ ոչ թե քաղաքական բնույթ»,- ասված է հայտարարության մեջ:




























