Հայաստանի քաղաքական ուժերը վերջին շրջանում մեծ ակտիվությամբ մարզային այցելություներ են իրականացնում։ Այդ թվում եւ «Ժառանգությունը»։ Կուսակցությունը վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Հայկ Գասպարյանը, կուսակցության Արմավիրի ստորաբաժանման ղեկավար Գագիկ Մարգարյանը, ինչպես նաեւ օրերս կուսակցությանն անդամագրված Ռուբեն Հակոբյանը մայիսի 15-ին այցելել են Արմավիրի մարզի Էջմիածին, Մեծամոր, ինչպես նաեւ Շիրակի մարզի Գյումրի եւ Արթիկ քաղաքներ, հանդիպել տեղի բնակիչներին եւ լսել նրանց հուզող հարցերը։ NEWS.am-ը «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվել է՝ մարզային այցելություններն ի՞նչ նպատակ ունեն, դրանք նախընտրակա՞ն այցեր են, թե՞ կուսակցության հերթական համագումարից առաջ կազմակերպվող հանդիպումներ են։ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ այդ այցերն ավելի շատ համագումարին ընդառաջ այցեր են։
Ա. Մարտիրոսյանը նշել է նաեւ, որ կուսակցությունը պարբերաբար այցելում է մարզեր եւ առաջիկայում էլ նման այցելություններ են նախատեսվում։ «Կազմակերպչական հարցերով որ մարզը որ պատրաստ կլինի՝ ըստ հերթականության կայցելենք»,- ասաց Մարտիրոսյանը։ Մեր մյուս հարցին՝ ինչպիսի՞ ընդունելության են արժանանում իրենց ընտրողների կողմից, արդյոք «Ժառանգության» համակիրներն այս ընթացքում ավելացե՞լ են, թե՞ պակասել՝ Մարտիրոսյանը վստահեցրել է, որ իրենց գրեթե բոլոր ընտրողները դրական են գնահատել կուսակցության գործունեությունը։ Այս այցելության ժամանակ միայն մեկ հարցի շուրջ է դժգոհություն արտահայտվել կուսակցության համակիրների կողմից։ Նրանք դժգոհել են, որ «Ժառանգությունը» չի մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին։ Ինչ վերաբերում է «Ժառանգության» համակիրներին, ապա դրանց բանակը, Մարտիրոսյանի հավաստմամբ, գնալով մեծանում է։
Նշենք, որ մայիսի 18-ին Շիրակի մարզ է այցելելու նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նաեւ կհանդիպի մարզի կուսակցական ակտիվի հետ։ Իսկ մայիսի 24-ին Գյումրի է այցելելու եւ այդտեղ հանրահավաք է անցկացնելու նաեւ Հայ ազգային կոնգրեսը։




























