Մայիսի 13-16-ը Մինսկում կայացած Սամբոյի եվրոպայի առաջնությանը Հայաստանի սամբոյի հավաքականի 10 մարզիկներից 6-ն արժանացել են մեդալների, իսկ թիմային հաշվարկով Հայաստանը 23 մասնակից երկրների շարքում գրավել է 5-րդ տեղը: Երեկ` մայիսի 17-ին մեր ընտրանին վերադարձել է Երեւան:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ են նվաճել կանանց 48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր միակ մարզուհին` Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Ռուզաննա Սարգսյանը եւ Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը:

Մարզական սամբոյի մրցումներում մայիսի 15-ին հաջող ելույթ է ունեցել գյումրեցի Վահան Վարդանյանը եւ 57 կգ քաշային կարգում նվաճել բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցագորգ են դուրս եկել մարտական սամբոյի ներկայացուցիչները: Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, 90 կգ քաշային Արտակ Ծատինյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ նույն դպրոցի սան Վաչիկ Վարդանյանը (68 կգ) ու Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը (74կգ) հաղթելով բոլոր մրցամարտերը դուրս են եկել եզրափակիչ, որտեղ Վաչիկն արժանացել է արծաթե մեդալի, իսկ աշխարհի եւ եվրոպայի բազմակի մրցանակակիր 26-ամյա Աշոտ Դանիելյանը՝ ոսկե մեդալի։

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, միջազգային Էքստրա դասի մրցավար Լեւոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ հայ սամբիստները եւս 7 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 5 բրոնզ) նվաճել էին ապրիլին Հունաստանում անցկացված սամբոյի եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությունում: Արդյունքում` 13 մեդալ (2 ոսկի, 2 արծաթ, 9 բրոնզ): Նշենք նաեւ, որ սամբոյի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը կկայանա հոկտեմբերին, Թբիլիսիում, իսկ մեծահասակներինը` նոյեմբերին, Տաշքենդում: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։