XDA Developers-ի փոխանցմամբ՝ էնտուզիաստներին հաջողվել է կոտրել Windows համակարգիչը ստեղնաշարի եւ մկնիկի միջոցով:
Համակարգիչ մուտք գործելու խոցելիությունն ու միջոցը Twitter-ում նկարագրել է j0nh4t նիկով բլոգերը: Հեղինակը պարզել է, որ եթե համակարգչին միացնեք Razer-ի ցանկացած աքսեսուար, օրինակ՝ մկնիկ կամ ստեղնաշար, ապա համակարգչը ավտոմատ կսկսի Razer Synapse տեղադրել, որը անհրաժեշտ է սարքավորման կարգավորման համար: Էնտուզիաստը նշել է, որ RazerInstaller.exe ֆայլերը բացվում են ադմինիստրատորի իրավունքներով: Սա թույլ է տալիս տեղադրման ընթացքում համակարգի PowerShell ծրագիրը կիրառել եւ գործարկել ցանկացած հրաման:
Հետագայում փորձագետները պարզել են, որ համակարգչի նման կոտրման համար անհրաժեշտ չէ Razer-ի գործիքը ունենալ. բավական է փոխել աքսեսուարների արտադրողի նույնացուցիչը: Մասնավորապես, այլ օգտատերերին հաջողվել է օգտագործել կոտրելու մեթոդը՝ օգտագործելով Android սմարթֆոն:
Հեղինակը, ով գտել է համակարգի խոցելիությունը, նշել է, որ սկզբում խնդրի մասին հայտնել է Razer-ի ներկայացուցիչներին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Այն բանից հետո, երբ լրագրողները իմացել են խոցելիության մասին, ընկերությունը հաստատել է դրա գոյության փաստը եւ խոստացել շտկել այն: Միեւնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ այս մեթոդով ուրիշի համակարգիչ ներթափանցումը հնարավոր է միայն համակարգչի ֆիզիկական հասանելիության դեպքում:





























