Այսօր` մայիսի 18-ին, ժամը 11-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (Գ.Նժդեհի 23) կսկսվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.03.2010թ. որոշման վերաբերյալ բողոքարկման դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, մարտի 31-ի որոշմամբ մերժել էր Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության:

Ներսես Նազարյանը դրսեւորել էր պաշտոնեական անգործություն, երբ պատգամավորից ստացել էր հաղորդումներ հանցագործությունների մասին, որոնք վերաբերում էին 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երեւանում անցկացված` «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների եւ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանների կողմից կիրառված` հանցակազմ պարունակող արարքներին: Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ դատական գործերի հարուցման միջոցով, սպառելով ՀՀ դատական ատյանները, եթե ՀՀ դատարաններից ստացվի հիմնավոր բողոքի արդար պահանջի մերժում, ապա իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը բարեփոխումներից հետո սույն թվականի հուլիսից աշխատելու է արագացված ընթացակարգով: