ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնության կապակցությամբ նամակ է հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որում մասնավորապես ասվում է.

«Մարտի 31-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել „Լեզվի մասին“ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ „Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին“ ՀՀ օրենքների նախագծերի մասին արձանագրային նախագիծը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ում գործող ուսումնական եւ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում օտար լեզուներով կրթություն եւ ուսուցում իրականացնել:

Ողջունելով ՀՀ-ում կրթության որակը բարձրացնելու՝ Կառավարության պատրաստակամությունը՝ մենք կարծում ենք, որ այն չպետք է իրականացվի հայերենի հաշվին: Օտար լեզվով կրթության թույլտվությունը կառավարության կողմից հանգեցնելու է օտարամտածողության եւ օտարամոլության պետական մակարդակով խրախուսմանը եւ ոչ հավասար պայմաններ է ստեղծելու հայերենի համար: Կրթության որակի բարձրացումը պետք է տեղի ունենա հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրերի բարեփոխման, օտար լեզուների խորացված ուսուցման եւ հանրակրթական դպրոցներում առկա հոռի բարքերի վերացման հաշվին:

Շերտավորված հասարակության պայմաններում սույն նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում առավել խորացնել առկա բեւեռացումը, անհավասար պայմաններ ստեղծել սոցիալական տարբեր խավերի համար՝ հետին պլան մղելով մայրենի լեզվի դերն ու նշանակությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ձեզ կոչ ենք անում հետ կանչել սույն վտանգահարույց նախագիծը»: