Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնում կայացել է «Հեքիաթային աշխարհի հրաշքները» բեմականացումը: Բեմականացումն իրականացրել է «Շամս» եզդիական երիտասարդական շարժումը՝ Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ), Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Երևանի «Երիտասարդական բանկ» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի համակարգող և «Շամս» եզդիական երիտասարդական շարժման անդամ Ռոստամ Բաքոյանի խոսքով՝ ծրագիրը եզդիական մշակույթի մասին խոսելու յուրահատուկ փորձ է, որի նպատակն է պահպանել սեփական մշակութային արժեքները, լեզուն և սովորույթները:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են եզդիների հնագույն հեքիաթներից մեկի՝ «Հատուցում» հեքիաթի բեմականացումը երեխաների և երիտասարդների անմիջական մասնակցությամբ: Բեմականացմանը մասնակցել են պատանիներ ինչպես Երեւանից, այնպես էլ Կոտայքի մարզի Զովունի գյուղից։ Բեմականացման բոլոր մասնակիցները պարգեւատրվել են նվերներով, իսկ միջոցառման ավարտին ներկայացվել են եզդիական ազգային երգերն ու պարերը։
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը։ Նրա խոսքով՝ եզդիները Հայաստանում ոչ մի քաղաքական խնդիր չունեն, խնդիրները միայն կրթական և մշակութային են։
Հիշեցնենք, որ «Երիտասարդական բանկը» մի ծրագիր է, որը խրախուսում է երիտասարդների նախաձեռնությունները և դրանք կյանքի կոչելու համար տրամադրում է փոքր դրամաշնորհներ։ Այս ծրագիրը իրականացվում է Երեւանում և Հայաստանի տարբեր մարզերում։



























