Այսօր` մայիսի 18-ին ժամը 18-ին «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի կունենա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին առաջին անգամ իտալերեն լեզվով հրատարակված ուղեցույցի շնորհանդեսը:
Այս ուղեցույցը համալրում է Իտալիայի հանրահայտ «Polaris» զբոսաշրջային ուղեցույցների շարքը: Շուրջ 350 էջից բաղկացած ուղեցույցում ներկայացվում է Հայաստանի եւ ԼՂՀ-ի պատմությունը, մշակույթը, կրոնը, բնությունը եւ տրամադրվում է տեղեկատվություն տարբեր տիպի արշավների կազմակերպման վերաբերյալ: Այն նաեւ ներառում է Հայաստանի, ԼՂՀ-ի ու Երեւանի քարտեզներ, ինչպես նաեւ հավելված` Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով: Առանձին բաժին նվիրված է Երեւանի, Էջմիածնի, «Մետաքսե ճանապարհի», Հայաստանի հեթանոսական հին քաղաքների եւ քրիստոնեական վանքերի բնութագրմանը:
Մայիսի 18-ից նոր ուղեցույցը զբոսաշրջիկներին հասանելի կլինի ինչպես Իտալիայում, այնպես էլ Հայաստանում եւ ԼՂՀ-ում:
Ուղեցույցը պատրաստվել եւ հրատարակվել է Իտալիայում Հայաստանը խթանող փորձագետ Նադյա Պասկուալի կողմից` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ ԼՂՀ զբոսաշրջության վարչության աջակցությամբ:
«Polaris»-ը միջազգային ճանաչում ունեցող իտալական հրատարակչություն է, որի կողմից տպագրված ուղեցույցները տրամադրվում են Իտալիայի խոշորագույն գրախանութներին եւ հեղինակավոր զբոսաշրջային գործակալություններին: «Polaris»-ը տպագրել է շուրջ 70 ուղեցույց, որոնց տարեկան շրջանառությունն ավելի քան 40,000 է:



























