Մայիսի 16-ին, Աթենքի Ագիու Դիմիտրիուի քաղաքապետարանի «Մելինա Մերկուրի» թատերասրահում, «Հայաստան» կենտրոնի նախաձեռնությամբ, կազմակերպվել է հանդիսություն` նվիրված Մայիսյան հաղթանակներին` Վարդանանց ու Սարդարապատի հերոսամարտերին, Հայրենական պատերազմին ու Շուշիի ազատագրմանը:

Հանդիսության սկզբում բացման խոսքով հանդես է եկել կենտրոնի ներկայացուցիչ Մարիետա Սարգսյանը, ով ներկաներին բարիգալստյան խոսք ուղղելուց հետո, ներկայացրել է մայիս ամսվա խորհուրդը մեր պատմության մեջ. «Մայիս ամիսը մեր ազգի պատմության մեջ ունի յուրօրինակ տեղ ու կարեւորություն, քանի որ այս ամսվա ընթացքում, մեր ժողովրդի կյանքում, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեցել են շրջադարձային նշանակություն: Պատմության ընթացքում մեր ժողովուրդը հաղթական մարտեր, շատ հաճախ գոյատևման ու մաքառման, կենաց ու մահվան ճակատամարտեր է մղել տարբեր նվաճողների դեմ, սակայն մայիսն այն ամիսն է, որի ընթացքում մղված ճակատագրական տարբեր մարտեր ու պատերազմներ պսակվել են հաղթանակով»: Հունարեն լեզվով, հունախոս ներկաների համար, ողջույնի խոսքով հանդես է եկել Հովսեփ Քասեսյանը:

Այնուհետ բեմ է հրավիրվել Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով իր խոսքում կարեւորել է նման միջոցառումների անցկացումը եւ նույնպես անդրադարձել օրվա խորհուրդին:

Օրվա բանախոսն էր Հունաստանում ՀՀ Ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը, ով հանդես է եկել հանգամանալից բանախոսության, որը հիմնականում նվիրված էր Արցախյան շարժմանը, մասնավորապես Շուշիի հերոսական ազատագրման մանրամասներին ու փաստերին:

Երեկոյի գեղարվեստական մասը բավականին հագեցած էր. ելույթ են ունեցել Կենտրոնի «Սայաթ-Նովա» էստրադային ու «Հայասա» ասմունքային խմբերը, դաշնամուրային դասական գեղեցիկ կատարումներով հանդես են եկել հայ շնորհալի պատանիներ, ինչպես նաեւ առանձին երգերին իրենց մասնակցությունն են ունեցել Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայում ուսանող հայ կուրսանտները:

Երեկոյի վերջում, դեսպան Գագիկ Ղալաչյանը մեդալներ եւ պատվոգրեր է հանձնվել օրեր առաջ, կենտրոնի սրահում, Շուշիի ազատագրման 18-րդ ամյակին նվիրված շախմատային մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մեր հայրենակիցներին: