«Եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որեւէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից»,- այս մասին ասված է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության հայտարարության մեջ:

«Ավելին, հաճախ պայքար է գնում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվով կրթություն կազմակերպելու հարցում: Հայկական դպրոցներում կրթության վատ վիճակը փրկելու ճանապարհը' օտարալեզու դպրոցներ բացելով չի լուծվի, այլ ավելի կվաթարանա: Եվ վերջապես, Կրթության Գիտության նախարարության հիմնախնդիրը նախարարության ղեկավար կազմի, աղաղակելիության չափի հասնող, կաշառակերությունն է, որն եւ հիմք է հանդիսանում Հայաստանում կրթական համակարգի աղետալի վիճակի համար: Քանի դեռ չի վերացել կոռուպցիան այդ նախարարությունում, Հայաստանի կրթական համակարգում բարեփոխումների նորմալ, գիտականորեն հիմնավորված առաջարկներ լսելը անհնարին է: Կոչ ենք անում, առանց այն էլ վտանգի ենթարկված կրթական համակարգում, կասկածելի նորամուծություններ անելու փոխարեն առաջին հերթին զբաղվել ինքնամաքրմամբ, որից հետո ճիշտ լուծումները ինքնըստինքյան կհայտնվեն: Միանում ենք ինտերնետով եւ մամուլով տարածվող բոլոր առողջ քննադատություններին, հատկապես „Արարատ“ ռազմավարական կենտրոնի կողմից տարածած վերլուծությանը, որոնք օգտագործելով նախկինում հայտնի փորձը' հատկապես ԽՍՀՄ-ի ժամանակ ռուսաց լեզուն մայրենիի փոխարինելու պրակտիկայի ահավոր արդյունքները, դեմ են հանդես գալիս մայրենիի կրթությունը օտար լեզվով փոխարինելու չհիմնավորված առաջարկին»,- ասված է նամակում: