Ադրբեջանում թալիշական մշակույթի կենտրոն Լենքորանի գրասենյակը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին թալիշերենով մարզային հեռուստատեսության ստեղծմանն աջակցելու համար: «Սա մեր ժողովրդի բնական իրավունքն է, եւ մենք պահանջում դրա իրականացումը», — ասվում է հայտարարության մեջ, գրում talish.info-ն։

Կենտրոնի գործադիր խորհուրդը հիշեցրել է, որ 2000 թվականին Ադրբեջանը վավերացրել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս՝ Ադրբեջանը պարտավորվել է կարճ ժամանակում անդամակցել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային եւ ընդունել ազգային փոքրամասնությունների մասին օրենք:

«Սակայն, չնայած անցած տասը տարիներին, այս պարտավորությունները դեռեւս չեն կատարվել: Թալիշերենը, որպես ողջ տարածաշրջանի լեզու, դրված է օրենքից դուրս, եւ պետությունը չի ճանաչում նրա տարածաշրջանային լեզվի կարգավիճակը»,- նշում են հայտարարության հեղինակները:

Դիմումում նշված է, որ ադրբեջանական կառավարությունը ոչ միայն չի ֆինանսավորում թալիշերեն թերթերը, այլեւ բանտարկել է գլխավոր խմբագիր Ն. Մամադովին, որը մահացել է բանտում:

Թալիշները հիշեցրել են ԵԽԽՎ-ին, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդ են: