Մայիսի 13-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել եւ անհետաձգելի համարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Այս կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հաշվի առնելով նշված նախագծի մի շարք վիճահարույց դրույթների շուրջ ոլորտի հասարակական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ անձանց հնչեցրած մտահոգությունները, ինչպես նաեւ նկատի ունենալով հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի պատշաճ օրենսդրական կարգավորման կարեւորությունը, նախաձեռնում է աշխատանքային քննարկում՝ նախագծի հեղինակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ:
Աշխատանքային քննարկումը կկայանա մայիսի 24-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Հանդիպմանը հրավիրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը եւ մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը կրելու է զուտ աշխատանքային բնույթ:




























