Թուրքիայի իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի իսլամական միության վերացման մեջ մեղադրվող ռազմածովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքը մայիս 18-ի դատավարության ընթացքում կրկին ազատ է արձակվել:
Գնդապետ Դուրսուն Չիչեքը Ստամբուլի դատարան էր բերվել «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի հետ կապված բացատրություններ տալու համար: Դատի վերջում Չիչեքը ազատ է արձակվել:
Նշենք, որ Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների գծով դատարանն օրեր առաջ ընդունել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի միության վերացման նախագծի շրջանակներում ներկայացված մեղադրականը: Նշված գործով առաջին դատալսումը տեղի կունենա հունիսի 28-ին:
Հիշեցնենք, որ Taraf-ի 2009 թվականի հունիսի 12-ի համարում տպագրվել էր ""Արդարություն եւ զարգացում" կուսակցության եւ Գյուլենի իսլամական միության վերացման" փաստաթուղթը (ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիրը)՝ գնդապետ Դուրսուն Չիչեքի ստորագրությամբ: Փաստաթղթում ներկայացվում էր, որ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում մշակվել է ծրագիր, որով պետք է վերացվի Էրդողանի կուսակցությունը եւ Գյուլենի իսլամական միությունը, քանի որ նրանք աշխարհիկ Թուրքիան փորձում են վերածել իսլամականի:
Այդ փաստաթուղթը լուրջ լարվածության առիթ էր հանդիսացել Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Սակայն զինվորականությունը պնդում էր, որ փաստաթուղթը կեղծ է, եւ ստորագրությունն էլ չի պատկանում Դուրսուն Չիչեքին: Իսկ Դուրսուն Չիչեքը երկու անգամ ձերբակալվել եւ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել: Ավելի ուշ հայտնվել էր մի սպա, ով դատախազությանն էր հանձնել այդ փաստաթղթի բնօրինակը:




























