Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Տրանսպորտային միջոցների շահագործումից հետեւող պարտադիր ապահովագրության մասին» օրենքը։
Հայաստանում այսօր 400 հազար տրանսպորտային միջոց է հաշվվում։ Փաստաթուղթը սահմանում է ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ տուժած քաղաքացիների փոխհատուցման մեխանիզմները։ Օրինագծի նպատակը այդ մարդկանց արժանի փոխհատուցում տրամադրելն է։ Պարտադիր ապահովագրման ինստիտուտը գործում է եվրոպական բոլոր երկրներում, իսկ Հայաստանում դրա ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ռիսկերի զգալի մեծացմամբ, ինչպես նաեւ ՃՏՊ-ների թվի ավելացմամբ։ Տուժածներին վճարումներ կկատարվեն հիմնադրամի միջոցների հաշվին:
Օրենքը կարգավորում է ապահովագրական պայմանագրի տեսքը եւ բովանդակությունը, ապահովագրական բյուրոյի գործառույթներն ու իրավասությունները եւ այլ մանրամասներ։ Շնորհիվ օրենքի ներդրման՝ տուժածը կստանա 4 մլն դրամից ոչ պակաս փոխհատուցում, իսկ ունեցվածքը կորցնելու դեպքում՝ 2 մլն դրամ փոխհատուցում։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2011 թվականին, իսկ եւս մի քանի տարուց կներդրվի բոնուս մալուս համակարգը, որով պահովագրված բարեխիղճ վարորդները կվաստակեն դրական, իսկ անբարեխիղճ վարորդները հակառակը՝ տուգանային բալեր։ Ինչպես սպասվում է, ապահովագրական վճարը կկազմի 31-38 հազար դրամ։




























