Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 18-ին ընդունել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
Մայիսի 17-ին Հայաստանի ու Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիաների միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե հայ-բելառուսական գիտական կապերը լուրջ պատմություն ունեն. «ԽՍՀՄ փլուզումից հետո, ցավոք, այդ կապերը խզվեցին, սակայն հուսով եմ, որ այժմ մենք համագործակցության նոր սկիզբ ենք նախանշում»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահը Մյասնիկովիչը նշել է, որ իր երկրում Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ շատ ջերմ վերաբերմունք կա:
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում գիտության զարգացման հեռանկարների մասին: Հայաստանի ու Բելառուսի ԳԱԱ ղեկավարները նշել են, որ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների գիտական շրջանակների համար փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:



























